Որեւէ վեճ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Մուլտի Ագրոյի» միջեւ գոյություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Նա նշեց, որ նախարարության եւ «Մուլտի Ագրոյի» միջեւ դատական վեճ եւս չկա: Ինչ վերաբերում է դատական գործի մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, Անի Սմբատյանն ասաց, որ դա չի մեկնաբանում, մնացած հարցերի դեպքում կարող ենք դիմել իրավաբանական վարչությանը:
Նշենք, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ հունվարի 20-ին նախարարությունը գումարի բռնագանձման հայցապահանջ է ներկայացրել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Ագրո» Գիտաարտադրական կենտրոն ՍՊ ընկերության դեմ: Ըստ datalex.am-ի՝ հայցը ներկայացվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Նելլի Գալստյանը: Ռոզա Ծառուկյանը հայտարարել էր, թե դա թյուրիմացություն է:




























