Գյուղացիները կրկին մատչելի գներով ձեռք են բերելու սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին Լոռիի մարզ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայում նախարարը  մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ  ծանոթացել է ժամանակակից գերմանական սարքավորումներով կառուցվող ձեռնարկության շինարարության ընթացքին: Նորակառույց 8 նոր թռչնանոցներից  4-ում  սարքավորումների տեղակայման աշխատանքներն արդեն ավարտված են, մյուսների տեխնիկական  հանդերձավորումը կսկսվի մոտ օրերս: Տարեկան  երեք հազար  տոննա թռչնամսի արտադրական հզորություն ունեցող թռչնաֆաբրիկան  կապահովի 200 նոր աշխատատեղ մարզի բնակչության համար:

Նախարարի այցելության  հաջորդ կանգառը  բազմաբնույթ արտադրական գործունեություն ունեցող Վանաձորի «Թալգրիգ» ՍՊԸ-ն էր, որն զբաղվում է ցորենի ներմուծմամբ, ալյուրի, մակարոնեղենի, հրուշակեղենի, լավաշի արտադրությամբ, մանրածախ եւ մեծածախ առեւտրով: Ընկերության  արտադրական հզորությունների աճը հնարավորություն կտա մինչեւ տարեվերջ աշխատողների թիվը 90-ից հասցնել 170-ի:

Օրվա երկրորդ կեսին Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում  նախարարը  մարզպետի հետ մասնակցել է համայնքի ղեկավարների, ֆերմերների, անտառային տնտեսության աշխատողների, մարզի ագրարային ոլորտին առնչվող  մյուս մասնագետների հետ հանդիպում-խորհրդակցությանը: Իր ելույթում նա  ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ  համարել այն հանրապետության  եւ Լոռու մարզի համար ,խոսել պետական օժանդակման  այն  ծրագրերի մասին,  որոնց, ինչպես նաեւ մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:    

Նա նշել է նաեւ, որ գյուղացին կրկին մատչելի գներով ձեռք է բերելու սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ, ինչը հնարավոր է դարձնելու կրկնել նախորդ տարվա ձեռքբերումները»: