Ազգային ժողովի կին պատգամավորների համար մարտի 8-ին ամենացանկալի նվերը ծաղիկներն են, տղամարդ պատգամավորներն էլ երկար չէր տանջվում կրեատիվ նվերներ փնտրելիս եւ իրենց շրջապատի կանանց ծաղիկներ են նվիրում:

Ի՞նչ կարելի է եւ չի կարելի նվիրել կանանց

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը մարտի 8-ի ամենազարմանալի եւ շատ օգտակար նվերը ստացել է ընկերուհուց՝ պատգամավոր Շուշան Պետրոսյանից: Երգչուհի պատգամավորը ընկերուհուն նվիրել է «Հակասթրեսային» համալիր միջոց, որն օգնում է աշխատանքային օրվա սթրեսներին, առօրեական նյարդային շփումներին, անքնությանը, խցանումներին, ֆուտբոլային ողբերգություններին եւ այլն: «Դա իրենից ներկայացնում է օդային գնդիկներով սովորական փաթեթավորման համար նախատեսված բոլորիս հայտնի այն միջոցը: Իհարկե, այս նվերը եւս դասվելու է անմոռանալի նվերների շարքին»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ իր համար ամենասպասված նվերն ամեն տարի հայրիկի կողմից մայրիկին, իրեն եւ քրոջ համար նախատեսված ձնծաղիկներն են, որոնք ինչ-որ հրաշքով մարտի 8-ի առավոտյան հայտվում են ննջասենյակում: Իսկ թե ինչ չի կարելի նվիրել կնոջը, Նաիրա Կարապետյանը նախընտրեց ասել, թե  ինչպես չի կարելի նվիրել, ըստ այդմ՝ չի կարելի նվիրել ինչ-ինչ նկատառումներից ելնելով, ստիպված, պարտավորված, կաշկանդված: «Բախտավոր մարդ եմ ես՝ բոլոր նվերներս էլ միշտ լինում են անկեղծ եւ ի սրտե»:

ՀՀԿ-ական մեկ այլ կին պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը շեշտեց, որ կնոջը պետք է նվերներ տալ ոչ միայն միամսյակների, այլեւ ամբողջ կյանքի ընթացքում: «Կինը սիրում է նվերներ ստանալ, սկսած արգելված խնձորից մինչեւ ամենաթանկագին զարդեր»,- ասաց նա: Մարգարիտ Եսայանը անցանկալի նվերների շարքում թվարկեց աման-չամանը, խոհանոցային պարագաները, որոնք սիրում է անձամբ ընտրել, իսկ ամենից շատ չի սիրում ստանալ վատ լուրեր: Նա նաեւ խոստովանեց, որ  լրագրող ժամանակ օծանելիքների մի ամբողջ հավաքածու էր հավաքվում կանացի միամյակի շրջանակներում, իսկ այժմ արդեն երկրորդ տարին է՝ ոչ մի նվեր (ծիծաղում է-խմբ):

ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կարեւորում է ուշադրությունը, իհարկե, նախընտրելի է նաեւ, երբ նախասիրությունների իմացությամբ են նվեր տալիս: «Ինձ չի կարելի փոշեկուլ, ափսե լվանալու հեղուկ, ավել, հայելի, կենդանի եւ էլի նման բաներ նվիրել (ծիծաղում է): Ամենատարածված նվերը, որ ստանում եմ, ծաղիկներն են, օծանելիքը եւ զարդերը: Վատ նվեր չի լինում, իսկ ամենագեղեցիկ նվերը, որ ստացել եմ, շատ գեղեցիկ թեւնոց է եղել»,- ասաց պատգամավորը: 

Պատգամավորները նվերներ կտան նաեւ իրենց զոքանչներին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը կնոջը եւ դստերը միայն գեղեցիկ վարդեր է նվիրելու,  ծախսի մասին չի մտածում, քանի որ «ամեն մարդ պետք է իր չափով քայլի»

Հարցին, թե ինչ է նվիրելու իր շրջապատի կանանց, Ազգային ժողովի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ բռնցքամարտի առաջնություն է կազմակերպում, «իսկական տղամարդիկ եմ դաստիարակում կանանց համար, հետագայում ամբողջ կյանքի ընթացքում ինձ շնորհակալություն պետք է ասեն»: Դիտարկմանը, թե փաստորեն այս տարի ուզում եք այդպես էժան պրծնել, նա հակադարձեց՝ «էժան չէ, շատ թանկ է»: Իր ընտանիքի կանանց պատգամավորը պատրաստվում է ծաղիկներ եւ էլի ինչ-որ բան նվիրել, թե ինչքան գումար կծախսի, նշեց, որ հաշվապահ չի, չգիտի, բայց հավելեց, որ սիմվոլիկ նվերներ է անում եւ իր ընտանիքի անդամները մեծ ծախսեր չեն անում: Նա վստահ է, որ միայն ծաղիկներով կգոհացնի իր կնոջը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը: «Իմ կինը շատ համեստ կին է, կարեւորը վերաբերմունքն է, ոչ թե նվերի արժեքը, ոստիկանապետի ընտանիքը վաղուց այդ փուլը անցել է, բոլորի մոտ էլ այդ փուլը եղել է, իրենք վաղուց անցել են»,- նշեց նա: Ի դեպ, զոքանչին պատգամավորը պատրաստվում է եւս շնորհավորել եւ ծաղիկներ նվիրել:

ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանը եւս իր կնոջը եւ մայրիկին կնվիրի ծաղիկներ ու էլի մի բան: Նա նշեց, որ մարտի 8-ը ծանր չի նստում իր ընտանեկան բյուջեի վրա, որովհետեւ առնձնահատուկ բաներ երբեք չի անում: Պատգամավորը նշեց, որ ոչ կանացի նվերներ երբեք չի անի, օրինակ՝ անվադող չի նվիրի:

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կնոջը, դուստրերին եւ իր շրջապատի կանանց երկարացողուն դեղին կակաչներ է նվիրում, իսկ բոլոր հայ կանանց նվիրեց այս քառատողը:

«Տխրությանս մեջ շատ էին գույները
Բայց համբուրեցի ծաղիկը դեղին,
Հոգումս հուշ դառած էջերում թախծոտ
Պահելու եմ քեզ, իմ կյանքի դեղին:
Կյանքիս էջերում ծաղկող իմ ծաղիկ
Իմ սիրող սրտի վկա դու վերջին,
Կպահեմ ես քեզ որպես հոգուս դեղ
Աշխարհի պարտեզում թախծոտ իմ դեղին»:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը իր կնոջը եւ մայրիկին նվիրում է ծաղիկներ եւ օծանելիք, ծախսում է այնքան, որքան հարկավոր է նրանց լավ տրամադրություն հաղորդելու համար: «Հագուստ չեմ նվիրի՝ մտածելով, որ կարող է իրենց ճաշակով չլինի, օրինակ՝ ընտանի կենդանի էլ չեմ նվիրի, որովհետեւ հաստատ չեն պահի»,- նշեց նա:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը չի «գաղտնազերծում», թե կնոջը ինչ է նվիրելու, քանի որ հնարավոր է նա կարդա այդ մասին այստեղ եւ այլեւս անակնկալ չլինի: Նա խոստովանեց, որ մարտի 8-ին մայրիկին, կնոջը, դստերը, քրոջը եւ իր շրջապատի մյուս կանանց նվերներ գնելու համար մեկ ամսվա աշխատավարձը չի բավականացնում, ու ինչքան գումար լինի, այդքան էլ նվեր տալու տեղ կլինի: Ի դեպ, նա զոքանչին՝ գործարար Սերգեյ Մանուկյանի («Շինանյութի Սերգեյ») կնոջ մարտի 8-ը եւս կշնորհավորի, իսկ թե ինչ է նվիրելու, կորոշի կինը, ինքը վճարողն է:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մարտի 8-ը համարում է ԽՍՀՄ-ից ատավիզմ եւ կնախընտրեր, որպեսզի ապրիլի 7-ը դառնար կանանց, մայրության տոն, սակայն, ափսոս, այս տոնը արմատներ չգցեց:

 «Մարդ ունենում է կին, մայր, քույր, այնպես չի, որ ինչքան կին կա ծանոթ կա, բոլորին պետք է նվեր տալ, իմ շրջապատի շատ կանանց համար եւ ինձ համար սա տոն չէ»,- նշեց պատգամավորը:

Պատրաստեց Ինգա Մարտինյան