ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենք Պալոնեն, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջուդի Չուն, Գերի Փիթերսը եւ Լինդա Սանչեսը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայոց ջարդերի 26-ամյա տարելիցի կապակցությամբ հանդես են եկել  հայտարարություններով` նշելով Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ Ալիեւի վարչակարգի ընթացիկ սպառնալիքները եւ բռնությունը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել էին Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի  մամուլի ծառայությունից: 

«26 տարի առաջ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միջնորդությամբ դիմել էր` Հայաստանի մաս դառնալու համար: Իրենց ապագան որոշելու ցանկությունը հանդիպել էր կոպիտ ուժի եւ բռնության, որոնք հիշեցնում են Հայոց ցեղասպանությանը նախորդած իրադարձությունները»,– հայտնել է Ջուդի Չուն:

Գերի Փիթերսը պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ցույցերին ի պատասխան` բռնություն էին կիրառել Սումգայիթի հայերի նկատմամբ: «Նրանք թիրախ էին դարձել պարզապես հայ լինելու համար… Իսկական դեմոկրատիան պետք է հարգի փոքրամասնությունների եւ բոլոր բնակիչների իրավունքները»,– ընդգծել է նա:

Լինդա Սանչեսը նշել է. «Հուսով եմ, որ հրապարակայնորեն ելույթ ունենալով ամբողջ աշխարհում մեր եղբայրների նկատմամբ գազանությունների դեմ` մենք կօգնենք ապացուցել կայուն, խաղաղ եւ դեմոկրատական կայունացմանը Ամերիկայի հավատարիմ լինելը»:

Ֆրենկ Պալոնեն հայտարարել է. «Որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հիմնադիր եւ համանախագահ` ես հետագայում էլ կաջակցեմ ողջ կովկասյան տարածաշրջանոմ խաղաղությանը եւ անվտանգությանը: Ես անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ հայ ժողովուրդն այլեւս չի վախենա այդպիսի հարձակումներից»:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտքին գործերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, հանձնաժողովի իր գործընկերներ Բրեդ Շերմանը եւ Դեւիդ Չիչիլինեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն եւ Քեթրին Քլարքսը ելույթ էին ունեցել համարժեք հայտարարություններով` դատապարտելով հայոց ջարդերը Սոմգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում, եւ Ադրբեջանին կոչ էին արել դադարեցնել ագրեսիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: 

Հիշեցնենք, որ 1988 թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքը դարձել էր  հայ բնակչության զանգվածային ջարդերի ասպարեզ: Սպանվել էին տասնյակ հայեր, հարյուրավորները ծանր վիրավորվել էին: