Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պեսկովը Ուկրաինայի եւ նրա շուրջ իրադարձություններն անվանել է «ապօրինության, ցինիզմի, միջազգային իրավունքի կոլապսի եւ երկակի ստանդարտների խրախճանք»:
«Այժմ Եվրոպայից կոչեր են հնչում Կիեւի մարդկանց հետ, որոնք իրենց անվանում են Ուկրաինայի իշխանություն բանակցություններ վարել արեւմտյան երկրների միջնորդությամբ: Դրա վրա կարելի է ծիծաղել»,- ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի եթերում:
Ընդ որում, նա հույս է հայտնել, թե Ուկրաինայի իրադարձությունները չեն հանգեցնի «սառը պատերազմի» Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Խոսելով Ղրիմի իրավիճակի մասին՝ Պեսկովը նշել է, որ եթե ծայրահեղականները Կիեւից հասնեն Ղրիմ եւ Ուկրաինայի արեւելք, այնտեզ «զտումներ» կսկսվեն, ուստի Ղրիմի բնակիչների ինքնապաշտպանական ջոկատները լեգիտիմ են: Պեսկովը փորձել է համոզել, թե Ղրիմի խորհրդարանի՝ ՌԴ-ին միանալու որոշումը Կրեմլից թելադրված չէ: Նա կրկին պնդել է Պուտինի հայտարարությունը, թե Ղրիմում ռուսական այլ զորամասեր չկան, բացի սեւծովյան նավատորմից:




























