Թուրքիայում դատարանի որոշմամբ ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության մեջ որպես ուղղորդող մեղադրվող Էրհան Թունջելը:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը, ում Դինքի սպանության գործով դատարանի վճռից հետո ազատ էին արձակել եւ դատական որոշման բեկանվելուց հետո կրկին կալանել, մարտի 7-ի երեկոյան ազատ է արձակվել:
Թուրքիայում դատական համակարգի նոր փոփոխություններից մեկով` 5 տարի կալանքի տակ գտնվող եւ իր նկատմամբ դատարանի վճիռ չունեցող անձը պետք է ազատ արձակվի: Այս օրենքի շրջանակում էլ ազատ է արձակվել Էրհան Թունջելը:
Հիշեցնենք, որ 2012-ի հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա երկար ժամանակ գտնվել էր կալանքի տակ:




























