«168 ժամ» թերթը գրում է. «Երբ սեպտեմբերի 3-ից հետո ընդդիմությունը, փորձագետները կարծիք են հայտնում, որ Մաքսային միությանն անդամակցության մասին հայտարարելով` Հայաստանը հայտնվելու է միջազգային մեկուսացման մեջ, դադարելու է ընկալվել` որպես ինքնիշխան սուբյեկտ, իշխանությունները պատասխանում էին ու են, թե դրանք շահարկումներ են, որ «եւ-եւ»-ի քաղաքականությունը շարունակվում է, որ ՀՀ-ն աշխարհում ընկալվում է` որպես հավասարակշռված ու իմաստուն քաղաքականություն իրականացնող երկիր, եւ այլն:

Սակայն միջազգային քաղաքական ասպարեզում ընթացող, մեղմ ասած, բուռն զարգացումները, այդ զարգացումներում ՀՀ-ի՝ նույնքան բուռն պասիվությունն ու իներտությունը վկայում են հակառակի մասին: Դրա լավագույն «ցուցիչներից» մեկն էլ նախօրեին Դուբլինում կայացած ԵԺԿ լիագումար նստաշրջանն էր, որտեղ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ ելույթը նույն «եւ-եւ»-ի ոգով էր ու մոտավորապես այն մասին էր, որ չնայած Հայաստանը գնում է Մաքսային միություն, սակայն ցանկանում է գնալ նաեւ Եվրոպա: Սակայն ուշագրավ է ոչ այնքան այդ ելույթը, որքան դուբլինյան նստաշրջանում Ս. Սարգսյանի ունեցած հանդիպումների, մեղմ ասած, համեստ ցանկը:

«Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Ս. Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել ԵԽ «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի եւ Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ»,- տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Այն դեպքում, երբ Դուբլինում էր գտնվում Եվրոպայի քաղաքական ողջ վերնախավը, եվրոպական գրեթե բոլոր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները, ԵՄ անդամ երկրների նախագահներն ու վարչապետերը: Ինչո՞ւ նրանցից որեւէ մեկը չի հանդիպել Ս. Սարգսյանին, ով ընդամենը մի քանի ամիս առաջ նույն եվրոպացի պաշտոնյաների կողմից արժանանում էր առանձնակի ընդունելության եւ գնահատանքի:

Ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպան ընդհանրապես կորցրել է հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, թերեւս, շատ պարզունակ կհնչի եւ չի արտահայտի իրականությունը: Հակառակը՝ իրականում Հայաստանը, հատկապես` ուկրաինական իրադարձություններից հետո, Եվրոպայի համար շատ ավելի մեծ արժեք է ստացել: Այդ դեպքում ինչո՞ւ եվրոպացի պաշտոնյաները չեն օգտագործել պատեհ առիթը եւ երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ չեն ունեցել Ս. Սարգսյանի հետ:

Ըստ ամենայնի, այն պատճառով, որ սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ի վերաբերյալ կարեւոր հարցերը նրանք քննարկում են Ռուսաստանի հետ: Իսկ ՌԴ-ի հետ հարաբերություններում, հիմա հասկանալի է՝ առանցքայինն Ուկրաինական հարցն է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում