«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2014թ.-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 65.2 հազար, որից 46.8 հազարը կանայք են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Զբաղվածության պետական ծառայությունից»:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.8 %-ը: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը՝ մոտ 41.3 հազ. մարդ: Գործազուրկ կանանց թվաքանակում բարձրագույն կրթություն ունեցողները կազմում են 17.1%, միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներինը` 25.8%, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողներինը` 5.9%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը` 45.3%, հիմնական ընդհանուր կրթություն ունեցողներինը` 5.6% տարրական կրթություն ունեցողները` 0.3%: Մինչեւ 18 տարեկանները կազմում են 0.6%, 19-30 տարեկանները` 23.4 %, 31-54 տարեկանները` 59.3 %, 55-ից բարձր տարիքի կանայք` 16.7 %-ը: 1 տարուց ավելի գործազուրկի կարգավիճակ ունեն կանանց 59.2 %-ը:
Նշենք, որ հունվարի 1-ի դրությամբ աշխատանքի են ընդունվել 12659 աշխատանք փնտրող, որից 7868-ը` կին: Հայաստանի աշխատաշուկայում կանանց առաջ ծառացած թիվ մեկ խնդիրը գործազրկության բարձր մակարդակն է, ցածր աշխատավարձը, չնորմավորված աշխատաժամանակը, գենդերային կարծրատիպերը, գործազուրկների շրջանում դեպի աշխատանքը մոտիվացիայի պակասը` պայմանավորված ընտանեկան նպաստի եւ աշխատավարձերի չափերի չնչին տարբերությամբ: Դրանից բացի՝ թափուր աշխատատեղերի մեջ մեծ թիվ է կազմում այն աշխատանքները, որոնք, պայմանավորված ազգային մտածելակերպով, կատարվում են հիմնականում տղամարդկանց կողմից, ընտանիքի, կենցաղի եւ երեխաների խնամքի կազմակերպման դժվարություններ են ստեղծում կանանց համար աշխատանք գտնելիս:


























