Ռիո դե Ժանեյրոյում կառնավալի չորս օրվա ընթացքում կուտակված աղբը շարունակում է մնալ փողոցներում, քանի որ քաղաքային աղբահավաք ծառայությունների աշխատակիցները շարունակում են մեկ շաբաթ առաջ սկսած գործադուլը։ Նրանք աշխատավարձ եւ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ Ուրբաթ օրը նրանք բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի շենքի մոտ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Քաղաքի գլխավոր լողափերը` Կոպակաբանան եւ Իպանեման, այնքան գեղատեսիլ չեն աղբի գարշահոտության պատճառով, նույնն է իրավիճակը նաեւ Ռիոյի աղքատ թաղամասերում:
Ոստիկանները պաշտպանում են այն աղբահավաքներին, որոնք չեն միացել գործադուլին եւ շարունակում են աշխատել, իսկ երկրի իշխանությունները խնդրում են բնակիչներին առայժմ աղբը փողոց չհանել:



























