Երեւանի Աթոյան փողոցի 15-ամյա բնակիչ Մելս Է.-ն մեղադրվում է Նարեկ Գ.-ին դանակով հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մարտի 3-ին: Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Ազատամարտիկների» զբոսայգում վիճել է 22-ամյա Նարեկի հետ: Վիճաբանության ընթացքում իրեն փոխանցված դանակով Մելսը դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Նարեկին՝ պատճառելով առողջության ծանր վնաս:
Մելս Է.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:
Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 13-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. հուլիսի 5-ին ոստիկանության բաժին էր ներկայացել 15-ամյա Մելս Է.-ն եւ հայտնել, որ մարտի 3-ին ժամը 20.00-ին Ազատամարտիկների փողոցում գտնվող զբոսայգում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած դանակով հարվածել է վիճաբանության մասնակիցներից մեկին եւ պատճառել մարմնական վնասվածք:




























