Երեւանի Հաղթանակ 4-րդ փողոցի 52-ամյա բնակիչ Վաչագան Մ.-ն մեղադրվում է փեսային՝ 42-ամյա Սերիկին դանակով հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբեր 11-ին կեսգիշերն անց: Հաղթանակ 4 հասցեի դիմացը գտնվող վագոն-տնակում, Վաչագանն ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է աղջկա ամուսնու՝ Սերիկ Գ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Վաչագանն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է փեսայի որովայնի աջ հատվածին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ լյարդի, լեղապարկի, ստամոքսի վնասումով:

Վաչագան Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Վաչագան Մ.-ն կալանավորված է:

Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 13-ին: