Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր` մարտի 8-ին կանանց միջազգային տոնին շնորհավորում է նախ եւ առաջ տղամարդկանց:
«Նախ ցանկանում եմ շնորհավորել տղամարդկանց եւ մաղթել արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ, որպեսզի կարողանան ըստ արժանվույն պահել իրենց կանանց: Իսկ հայ կանանց մաղթում եմ իմաստություն, կանացի խորամանկություն եւ կանացիություն` ընտրելու ճիշտ տղամարդ»,- այսօր` մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարգարիտ Եսայանը:
Խոսելով կնոջ դերի մասին` կին պատգամավորն ընդգծեց, որ խորհրդարանում առաջին անգամ այսքան կանայք են աշխատում:
«Մեր 14 կին պատգամավորներն աշխատում են շատ համերաշխ, առանց նախանձի, ակտիվ դիրքորոշում ունեն բոլոր հարցերի վերաբերյալ եւ միշտ ակտիվ հայտնում են իրենց կարծիքները»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մարգարիտ Եսայանի խոսքը ժպիտով ընդհատեց հանդիպմանը ներկա Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը. «Կանխում եք այն հարցը, որ լրագրողները կտան` կին պատգամավորների միջեւ խնդիրներ կան, թե ոչ»:
Քաղաքականության մեջ կնոջ դերին նվիրված ասուլիսին Մարգարիտ Եսայանը ներկա գտնվող կին լրագրողներին նվիրեց իր հեղինակած գրքերը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























