Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել Կուալա Լումպուրից Պեկին թռչող անհետացած Boeing 777-200-ի հետ կապված արտակարգ միջոցներ ձեռնարկել:
«Չինաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաեւ ՉԺՀ դեսպանությունն ու հյուպատոսությունը պետք է ուժեղացնեն ջանքերը փոխգործակցությունն այլ պետությունների դեպարտամենտների հետ եւ ուշադիր հետեւեն օդանավի որոնման աշխատանքներին»,-այսօր հայտարարել է Սի Ցզինպինը:
«Ամեն ինչ պետք է պտրաստ լինի տուժածներին արտակարգ բժշկական օգնություն ցուցաբերել համար: Չինաստանի տրանսպորտի նախարարությունն ու քաղավիացիայի գլխավոր վարչությունը պետք է արտակարգ ստուգումներ իրականացնեն՝ Չինաստանում քաղաքացիական ավիափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար»,-ընդգծել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Malaysia Airlines ավիաընկերության տվյալներով՝ իրեն պատկանող անհետացած օդանավում եղել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Ուղեւորներից 160-ը Չինաստանի քաղաքացիներ են:




























