Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի սիրում տնային գործեր, մինչդեռ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է խոհանոցում «իր քնելու հաշվին»: Այս մասին այսօր` մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեցին խորհրդարանի կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները:
«Տանը շատ վատ տանտիկին եմ: Երբեք ժամանակ չեմ ունենում ժամանակին ճաշ եփել, փոշին հավաքել կամ տները մաքրել: Ես դա անում եմ շաբաթը մեկ անգամ: Ես խոհանոց չսիրող կին եմ, հարգում եմ նրանց, ովքեր սիրում են խոհանոցը: Շնորհակալ եմ ընտանիքիս, որ ըմբռնումով են մոտենում»,- խոստովանեց Մարգարիտ Եսայանը:
Հեղինե Բիշարյանի դիտարկմանը, թե ինչու ես այսպիսի օրով նման բաներ ասում, Եսայանը ծիծաղեց ու ասաց. «Հո մենակ լավ բաներ չե՞մ ասելու, պետք է մեր թերություններն էլ ասենք»:
Եթե Եսայանը չի սիրում խոհանոցում ժամանակ անցկացնել, ապա ՕԵԿ խմբակցության ղեկավարի համար խոհանոցը տարերք է:
«Խոհանոցն իմ տարերքն է: Քնելուս հաշվին համով բաներ եմ սարքում: Իհարկե, ուշ եմ քնում, շուտ արթնանում, բայց սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել խոհանոցում»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























