Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելն իր ուկրաինացի գործընկերոջը հիացմունք է հայտնել Ռուաաստանի հետ հակամարտության պայմաններում դրսեւորած զուսպ կեցվածքի համար, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով France-Presse-ը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխի հետ զրույցում Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ Վաշինգտոնը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը։ «Նա բարձր է գնահատել Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն ու զսպվածությունը, ինչի շնորհիվ իրավիճակի սրացում տեղի չունեցավ»,– լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին՝ հավելելով, որ Հեյգելը «նաեւ ընդգծել է ԱՄՆ-ի՝ ուկրաինացի ժողովրդին ու Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու պատրաստակամությունը»։
Պենտագոնից հաստատել են, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը Ղրիմի թերակղզում մեծ ուժեր է տեղակայել։ Ճշգրիտ թվեր չկան, բայց ակնհայտ է, որ հազարավոր զինվորներ ունեն Ղրիմում», ասել է Քիրբին՝ 20 հազար մոտավոր թիվ նշելով։ Սակայն նա չի հստակեցրել՝ արդյոք այդ թիվը ներառո՞ւմ է Ղրիմում նախքան ճգնաժամը տեղակայված ծովային ուժերի կազմը։



























