Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ ինքնավարության կարգավիճակին վերաբերող հանրաքվեի հարցերը փոխվել են Կիեւի արձագանքի պատճառով։
Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Գրիգորի Իոֆեն հայտարարել է, որ իրենք Կիեւի նորմալ արձագանքն էին ակնկալում առաջին հանրաքվեի վերաբերյալ, որը Ուկրաինայի կազմից ինքնավարության անջատում չէր նախատեսում։
«Ցավոք տեղի ունեցած դեպքերը Ղրիմի խորհրդարանին դրդեցին փոխել ձեւակերպումները։ Գիտեք, թե հետո ինչ կատարվեց։ Դատեր եղան, չար խոսքեր, մեղադրանքներ, գործեր հարուցվեցին», - մեկնաբանել է Իոֆեն, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»։
Հիշեցնենք, Ղրիմի իշխանությունների վերջին որոշման համաձայն՝ ինքնավարության կարգավիճակի հարցով հանրաքվեն կկայանա մարտի 16-ին։ Բնակիչներին երկու հարց կտրվի. «Դուք կո՞ղմ եք ՂԻՀ-ի՝ որպես սուբյեկտ ՌԴ-ին միանալը» եւ «Կո՞ղմ եք Ղրիմի 1992թ. Սահմանադրության վերականգնմանը եւ Ղրիմը Ուկրաինայի մաս մնալուն»։
Ավելի վաղ հանրաքվեն որոշվել էր անցկացնել մարտի 30-ին։ Դրանում միայն մեկ հարց էր՝ «Դուք կո՞ղմ եք Ուկրաինայի կազմում պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման վրա ՂԻՀ-ի ինքնուրույնությանը»։
Ուկրաինայի իշխանությունները երկու հանրաքվեն էլ ապօրինի էին անվանել։ Նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվե անցկացնելու նախագահի որոշումը չեղարկելու մասին հրամանագիր էր ստորագրել։



























