Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միությունը բաց նամակ է միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներին, պահանջելով բարձրաձայնել 77-ամյա Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում գերության ընթացքում խոշտանգելու փաստը:
Բաց նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Բ. Բուզետտոին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Ս. Էպրեխտին, մասնավորապես ասվում է.
«Միջազգային կազմակերպություների հարգարժան ներկայացուցիչներ,
Բոլորիս աչքի առաջ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ, իրենց բնորոշ հերթական վայրագությունը:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների եւ վնասվածքներով վերադարձվել Հայաստան:
Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, պարտավորված է զբաղվելու սահմանային խնդիրներով:
Դիմելով Ձեզ, խնդրում եւ պահանջում ենք Ձեր խողովակներով խնդիրը ներկայացնել ողջ աշխարհին եւ ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` դատապարտելով կատարված անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ, որը հակասում է Ժնեւյան չորրորդ կոնվենցիային: Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք եւս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը:
Միաժամանակ խնդրում ենք Ձեր գործողությունների արդյունքները հրապարակայնորեն ներկայացնել հանրությանը, որը բխում է նաեւ Ձեր շահերից»:




























