Ամերիկյան Իլինոիս նահանգից հանրապետական սենատոր Մարկ Քիրքը վճռականորեն դատապարտել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ շարունակվող սպառնալիքներն ու բռնությունը Ադրբեջանի կողմից ադրբեջանական Սումգաիթ քաղաքում հայկական ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայ դատի գրասենյակում:

Ամերիկացի սենատորը սկզբում հիշատակել է ադրբեջանական հանցագործության մասին ատելության հողի վրա 1988թ.-ի փետրվարին Սումգաիթի հայերի նկատմամբ: «Այս հրեշային գործողություններում մեղավոր անձինք երբեք պատասխանատվության չեն ենթարկվել»,- հայտարարել է նա:

Այնուհետ Մարկ Քիրքը նշել է Ադրբեջանի կողմից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում շարունակվող ագրեսիայի մասին: «Այն ժամանակ, երբ մենք հիշում ենք Սումգայիթի զոհերի մասին, ես կոչ եմ անում Ադրբեջանի գործող կառավարությանը անմիջապես վերջ տալ հրահրման ու ատելության իր քաղաքականությանը Հայաստանի հանդեպ, որը սպառնում է ապակայունացնել տարածաշրջանը: Ցավալի է, որ Ադրբեջանի նախագահը ներեց ու հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին, ով սպանել էր քնած հայ զինվորին: Ես վճռականորեն դատապարտում եմ ադրբեջանցի պաշտոնական անձնանց հաճախակի հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը»,- նշել է Մարկ Քիրքը:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, նրա գործընկերներ Բրեդ Շերմանը եւ Դեւիդ Չիչիլինեն, ԱՄՆ-ի Կոնգրեսու հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն, Քեթրին Ջուդի Չուն, Գերի Փիթերսը եւ Լինդրա Սանչեսը  հանդես էին եկել նմանատիպ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ 1988թ.-ի փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքի ողջ տարածքը դարձավ հայ բնակչությանզանգվածային ջարդերի թատերաբեմ: Տասնյակ հայեր սպանվել էին, հարյուրավորները լուրջ վնասվածքներ էին ստացել: