Երեւանի բոլոր վարչական շրջաններում, այսօր՝ մարտի 8-ին, Կանանց միջազգային օրվա առթիվ, տոնական միջոցառումներ են անցկացվում:
Էրեբունի վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների աշխատակից կանանց վարչական շրջանի աշխատակազմը հրավիրել էր Էրեբունու մշակութային պալատում դիտելու Նարեկ Դուրյանի «Սելավի» ներկայացումը։
Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքում մարտի 7-ից ապրիլի 7-ը ցուցադրվելու է վարչական շրջանում բնակվող նկարչուհիների աշխատանքներից կազմված ցուցահանդես. այս տարի մեկամսյա ցուցահանդեսին մասնակցում են հատկապես ամենաերիտասարդ նկարչուհիները։
Կանանց միջազգային օրվա առթիվ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմը կազմակերպել էր հատուկ ընդունելություն, որին մասնակցել են վարչական շրջանում գործող կրթական եւ մշակութային հաստատությունների կին տնօրենները, ինչպես նաեւ գործընկեր կազմակերպությունների կին ղեկավարները: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորել է միջոցառմանը մասնակից կանանց՝ հատկանշելով կանանց բարձր եւ ուրույն դերն ու մասնակցությունը մի շարք ոլորտներում, վարչական շրջանի զարգացմանն ուղղված աշխատանքներում: Միջոցառմանը ներկա կանանց հանձնել է վարչական շրջանի շնորհավորական բացիկներն ու ծաղիկներ։
Շենգավիթ վարչական շրջանի Պատանեկության ստեղծագործական կենտրոնի ամենակրտսեր սաները իրենց առաջին բեմելն են նվիրել միջոցառմանը հրավրված կանանց։ Ներկայացման ավարտին բոլոր հյուրերն ստացել են ծաղիկներ։
Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի շենքում եւս ընդունելության են հրավրվել վարչական շրջանի կրթամշակութային հաստատությունների աշխատակցուհիները, ինչպես նաեւ վարչական շրջանում բնակվող հաղորդավարուհիները, լրագրողները։ Վարչական շրջանի աշխատակազմի անունից նաեւ ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստացել վարչական շրջանի կին դատավորները, դատախազը, նոտարը, դատաիրավական համակարգի աշխատակցուհիները։




























