Մալազիական նավերը հետախուզել են Հարավչինական ծովի այն հատվածը, որի տարածքից վերջին անգամ կապ էր հաստատել Malaysia Airlines ավիաընկերության օդանավը, սակայն բեկորներ չեն գտել։
Օդանավի անձնակազմի հետ կարգավարներին վերջին անգամ հաջողվել էր կապ հաստատել Հարավչինական ծովի տարածքում՝ ափից 220 կմ այն կողմ։
Մալազիական իշխանությունները երեք ռազմանավ էին ուղարկել տվյալ տարածքը հետախուզելու։
Օդանավի բեկորներ չեն հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը։
Մալազիայի իշխանությունները հաստատել են, որ օդաչուական կազմը փորձառու էր, չինական մամուլն էլ հայտնել է կորած օդանավի տեխնիկական լավ վիճակի մասին։
Վիետնամի, Մալայզիայի եւ Սինգապուրի փրկարարական եւ զինվորական ծառայությունները որոնման համատեղ գործողություններ են իրականացնում։
Boeing-ը, որում եղել էր 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ, Կուալա Լումպուրից թռչում էր Պեկին: Այն ռադարների տեսադաշտից անհետացել է Մայազիայի ժամանակով 02:40-ին (Երեւանի ժամանակով 22:40-ին):
Վիետնամական լրատվամիջոցների տվյալով՝ օդանավը Թհո-Չու կղզուց 153 մղոն հեռվում է ընկել։




























