Ուկրաինայի ապագայի համար լավատեսական ուղին կարող է զարգանալ կառավարման քվազի-դաշնային մոդելի շուրջ՝ իշխանության բաժանման համակարգային մեխանիզմով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը:

Նրա խոսքով՝ սա աստիճանաբար կուժեղացնի ազգային միասնությունն ու կօգնի երկրի ներքին քաղաքականությունը կառուցել եվրոպական չափանիշներին աստիճանական մերձեցման հիմքի վրա:

«Ինչպիսի քաղաքական անակնկալներ էլ մատուցի Ուկրաինայի հեղափոխական ներուժը, Ղրիմում ռուսական ռազմական ներկայությունը նախազգուշացնում է այն մասին, որ տարածաշրջանում ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ անտեսել պարոն Պուտինի աշխարհաքաղաքական  շահերը»,- նշել է Գյունտեր Վալցենբախը: Մինչ այսօր, ընդգծել է նա, եվրոպացի առաջնորդները գիտեին այդ մասին, եւ Բրյուսելի արտաքին քաղաքական արդար պատասխանը հավասարակշռություն մտցրեց բանակցությունների տարբերակների եւ պատժամիջոցների կիրառման միջեւ:

«Մեծ հաշվով սա ճգնաժամային պահ է ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության համար:  Ուստի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման եւ ներդրումների շուրջ բանակցությունները հետաձգելու որոշումը նախազգուշացնում է ուշադրություն դարձնել նրան, թե որքան լուրջ հետեւանքներ կարող են ունենալ հակամարտության կողմերի առեւտրական պատերազմները, հաշիվների սառեցումը»,- նշել է փորձագետը: Սա պետք է հուշի կողմերին, որ սառը պատերազմի վերսկսումը քիչ շահավետ է: «Մյուս կողմից գոյություն ունեն փոխադարձ շահեր, որոնք կարող են ձեռք բերվել Եվրոպական հարեւանության եւ գործընկերության մեջ քաղաքական էներգիայի ներդրմամբ ՝ այս անգամ ավելի կենսունակ եւ ռուսական շահերի ճանաչմամբ»,-ընդգծել է Գյունտեր Վալցենբախը:

Անդրադառնալով  ուկրաինայի քաղաքական ու տնտեսական ապագային՝ նա նշել է, որ մի քանի հնարավոր զարգացումներ են հնարավոր: «Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ պատերազմի երկարաձգումը կարող է հանգեցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման եւ էթնիկ որոշակի սահմանների խախտման: Ազդեցության համար մրցունակությունը կարող է անկայունացնել միտումները ԵՄ եւ ՌԴ համապատասխան տարածաշրջանային նախագծերի համար»,- ասել է Վալցենբախը՝ հավեելով, ի վերջո Ուկրաինան կարող է մնալ իշխող ներքին քաղաքական գործընթացի եւ չիրականացած ամբիցիաների ցնցումների միջեւ: «Սա այն սցենարն է, որը ոչ ոք չէր ցանկանա ուկրաինացիներին»,- եզրափակել է փորձագետը: