«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հեղինակ Ազգային ժողովի 6 խմբակցությունների պատգամավորներին միավորել է մեկ բան՝ ամեն մարդ իր ասածի համար պատասխանատու պետք է լինի, որ ինտերնետում ամենաթողություն չլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց օրինագծի հեղինակներից՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Ո՞ր լրատվամիջոցներին է վերաբերելու այս փոփոխությունը Պատգամավորի փոխանցմամբ՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը վերաբերելու է շատ քիչ լրատվամիջոցների եւ ոչ մի պրոֆեսիոնալ լրատվամիջոցի չի տուժելու այդ փոփոխություններից: Նա առանձնացրեց երկու տեսակի լրատվամիջոցներ, առաջին խմբում նրանք են, որոնք նյութ ստեղծող են եւ կան լրատվամիջոցներ, որոնք ընդամենը հարթակ են տարբեր անձանց կարծիքները վերարտադրելու համար: «Առաջին խումբը պատասխանատվություն կրող է, մտածում է, որ չգրի հայհոյանք, զրպարտություն եւ նման բան չի անում, որովհետեւ գիտի, որ ինքը պատասխանատու է: Ստացվում է, որ այն լրատվամիջոցները, ովքեր հարթակ են, ստանում են առավելություն մյուսի նկատմամբ, այսինքն՝ հղում են անում ինչ-որ մի աղբյուրի եւ ասում են ինքն է գրել, ես կապ չունեմ, բայց այդպես չի լինում, դու կարծիքը տարածող ես, հանրային կարծիք ձեւավորող ես եւ պետք է մի քիչ պատասխանատվություն վերցնես քեզ վրա, այսինքն գոնե զտես թե ինչ ես տարածում»,- ասաց պատգամավորը: Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ առաջին խմբի լրատվամիջոցները նյութը գրելիս ջանքեր են գործադրում, որ չհայհոյեն, չվիրավորեն, իսկ երկրորդ խումբ լրատվամիջոցները պատասխանատվություն պետք է կրեն, որ այս կամ այն կարծիքը զետեղելիս ուշադիր լինեն, որ հայհոյանք չտարածեն, այսինքն՝ երկուսի պատասխանատվությունն էլ պետք է նույնաբնույթ լինի: Անդրադառնալով քննադատություններին՝ Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ ամենեւին էլ չի կիսում կարծիքը, թե այս օրինագծի անհրաժեշտությունը չկա, քանի որ սա կտա երկու բան՝ նախ կսահմանվի՝ որն է անհայտ տեղեկատվության աղբյուրը եւ երկրորդ՝ կկարգավորվի մեկնաբանությունների դաշտը: Նա վստահեցում է, որ սա մահակ չի դառնա լրատվամիջոցների դեմ, եւ միեւնույն ժամանակ՝ ըմբռնումով է մոտենում բոլոր մտավախություններին: «Այդ մտավախությունների հիմքում ընկած պատճառներն էլ եմ հասկանում: Բայց վստահեցնում եմ ձեզ, որ նախագծի համահեղինակներից յուրաքանչյուրը տեր կկանգնի լրատվամիջոցների իրավունքներին, անգամ եթե որոշակի թերահավատություն առկա է: Միայն մի բան ենք ասում՝ անպատասխանատու կերպով մի հայհոյեք, մի վիրավորեք, մի զրպարտեք: Ազատությունը չի նշանակում անպատասխանատվություն»,-ասաց պատգամավորը:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում լրատվամիջոցների համար
Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու Օրինագիծը լրատվամիջոցներին անդրադառնում է երկու առումով: Նախ, օրինագծով սահմանվել է, թե ինչ է նշանակում տեղեկատվության անհայտ աղբյուր հասկացությունը: Պատգամավորը շեշտեց, որ այսօր գործող «Քաղաքացիական օրենսգրքով» կարելի է լրատվամիջոցի դեմ դիմել դատարան, եթե նա որեւէ նյութ է հրապարակել, վերարտադրել է ամբողջությամբ, բայց տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի 2012թ որոշմամբ մի շարք հարցերի պատասխաններ կան, թե ինչ է նշանակում տեղեկատվության աղբյուր, որ դեպքում է հղումը պատշաճ եւ այլն, բայց չի սահմանվում, թե ինչ է նշանակում՝ տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ: Անհայտ տեղեկատվության աղբյուրի վերաբերյալ մոտեցումները տարբեր երկրներում տարբեր են, օրինակ՝ համարվում է, որ տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, երբ հեղինակը նշված չէ, երբ անհնար է կամ շատ դժվար է գտնել հեղինակին, այսինքն՝ որեւէ տեղ չկան հստակ չափանիշներ, թե ինչ է նշանակում տեղեկատվության աբղյուրը հայտնի չէ: «Ակնհայտ է, որ խոսքը գնում է անանուն կամ կեղծանվանմամբ հանդես եկող անձանց մասին, սա դատապարտելի կամ ոչ իրավական երեւույթ չէ, սա կոնկրետ մարդու որոշումն է՝ հանդես գալ անանուն կամ կեղծանվամբ: Այստեղ որեւէ խնդիր չկա, եթե այդ մարդը այդպես է շփվում:
Խնդիրը այլ է, երբ որեւէ լրատվամիջոց, որը հարթակ է, տարածող է, վերցնում է նյութեր, որոնք ուղղակի հայհոյանք, վիրավորանք, զրպարտություն են պարունակում, այստեղ է խնդիր ծագում պատասխանատվության»,- ասաց պատգամավորը: Քանի որ մեր օրենսդրությամբ անհայտ տեղեկատվության աղբյուրը սահմանված չէ, պատգամավորներն այս օրինագծով առաջարկում են դա սահմանել, սակայն շեշտում են, որ եթե կան առաջարկություններ, առարկություններ, մտավախություններ, իրենք պատրաստ են քննարկել: «Ասել, թե այսօր լրատվամիջոցներին կարելի է դատի տալ ու դա սահմանում է նախագիծը, դա ոչ պրոֆեսիոնալ է, այսօր դա սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Դա նորություն չէ, եւ այս առումով ճիշտ են այն անձինք, ովքեր ասում են, որ այս մասով կար կարգավորում: Լրատվամիջոցների համար եւս կարեւոր է իմանալ, թե որ դեպքում է իր կողմից վերցրած գրառումը համարվում, որ աղբյուրը հայտնի չէ: Այս արհեստական աղմուկը, որ բարձրացրեցին կեղծ օգտատերերը, նպաստեց, որ բոլորը իրազեկվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմի մասին, որից շատերը տեղյակ չէին»,- նշեց պատգամավորը:
Ինչպե՞ս է լրատվամիջողը ճանաչելու «ֆեյքերին» կամ «տեղեկատվության անհայտ աղբյուրներին»
Պատգամավորը շեշտեց, որ լրատվամիջոցը կարիք չունի իմանալու, թե այդ գրառումը կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից է արված: «Օրինակ՝ եթե լրատվամիջոցը տեղադրել է կեղծ օգտատիրոջ գրառումը, եւ ես վիրավորվել եմ, ուզում եմ դիմել դատարան եւ պաշտպանել իմ իրավունքը, հարց է առաջանում իսկ ո՞ւմ դեմ դիմել դատարան: Ես փորձելու եմ գտնել այդ անձին՝ հնարավոր եղանակներով գործադրելով ողջամիտ ջանքեր: Ողջամիտ ջանք բառը տարածված եւ մեկնաբանելի տերմին է, այսինքն մարդը իրենից կախված ամեն ինչ անում է, որ պարզի, թե ով է դա տարածում: Օրինակ՝ նամակ եմ գրում, ասում եմ հեռացրու եւ այլն, սակայն իրականում , երբ մարդը չի ուզում բացահայտվել, ես շատ քիչ հնարավորություն ունեմ հայտնաբերելու նրան, ուստի այդ դեպքում կարող եմ դիմել դատարան լրատվամիջոցի դեմ՝ նշելով, որ լրատվամիջոցը տարածել է մի բան ու տեղեկատվության աղբյուրը անհայտ է: Դատարան դիմելիս դիմողը պետք է ապացուցի, որ տեղեկատվության աղբյուրը հայտնի չէ, որ ինքը գործադրել է ջանքեր եւ չի կարողացել իմանալ, լրատվամիջոցի վրա պարտականություն չկա դրված: Մենք ընդամենը ասում են՝հարգելի լրատվամիջոց, երբ կարծիք վերցնում ես, մի քիչ զգույշ եւ հետեւողական եղիր, որովհետեւ եթե հայհոյանքը դնում ես քո մոտ ու անհնար է գտնել աղբյուրը, դու այսօր գործող օրենքով եւս ես դրա համար դառնում ես պատասխանատու»,- նշեց պատգամավորը: Նախագծով նախատեսված նորույթը այն կարգավորումներն են որ վերաբերում են մեկնաբանություններին: «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծով լրատվամիջոցներին վերաբերող հիմնական փոփոխությունը կապված է մեկնաբանությունների դաշտին, որը հիմնված է ՄԻԵԴ-ի նախադեպային որոշման վրա: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ փորձ է արվել պարզապես սահմանել մեխանիզմներ, որպեսզի լրատվամիջոցը եւ անձը, ում մասին մեկնաբանություն է արվել, կարողանան իրար հետ նախքան դատական գործընթացը կարգավորումներ տալ: «Այսինքն՝ այն դեպքերում, երբ վիրավորող, հայհոյական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություն կա նյութի տակ, լրատվամիջոցին խնդրում ենք, որ եթե ինքը ունի իրավունք եւ հնարավորություն, հեռացնելու այդ մեկնաբանությունը այն պահից սկսած տասներկու ժամվա ընթացքում, երբ կդիմեն, որովհետեւ այն վիրավորական կամ զրպարտչական է: Մենք չենք ասում՝ նախապես վերահսկեք մեկնաբանությունների դաշտը, ստուգեք, այլ այն պահին, երբ անձը կդիմի, իսկ լրատվամիջոցն էլ ունի իրավասություն եւ տեխնիկական հնարավորություն դա հեռացնելու, թող հեռացնի: Հակառակ դեպքում, երբ լրատվամիջոցը շարունակում է դա պահպանել այդ կայքում, նշանակում է՝ ինքը եւս կիսում է այդ մեկնաբանության հեղինակի տեսակետը»,-նշեց նա: Հնարավոր է լրատվամիջոցը համաձայն չլինի այդ անձի հետ եւ մեկնաբանությունը չհեռացնի կայքից, այդ դեպքում դիմողը կարող է դիմել դատարան: Հեղհեղուկ է վիրավորանքի, զրպարտության սահմանումը, քանի որ հնարավոր է մի մեկնաբանությունը պաշտոնյայի համար համարվի վիրավորանք, լրատվամիջոցի համար՝ ոչ: Այս առումով պատգամավորը նշեց, որ այսօր բոլորը ունեն պատկերացում՝ ինչ է նշանակում վիրավորանք, հայհոյանք, գռեհկություն, զրպարտություն: Եվ այստեղ արդեն կա ձեւավորված դատական պրակտիկա, եւ այս առումով նախագիծը առհասարակ որեւէ բան չի փոխում:
Ինգա Մարտինյան




























