Ցմահ դատապարտյալ, արցախյան ազատամարտի մասնակից Սողոմոն Քոչարյանը շարունակում է գտնվել ծանր հոգեբանական վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ սոցիալ- հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի համապատասխան աշխատակիցները շարունակում են աշխատանքները նրա հետ, նա համապատասխան մասնագետների հսկողության տակ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին 19-ամյա Ս. Քոչարյանը ինքնասպանություն է գործել՝  նետվելով «Թանգուբ ձորը»:

Նրա հայրը՝ Սողոմոն Քոչարյանը, Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն հետո պատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ:  Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ  ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ի դեպ, Սողոմոն Քոչարյանին չեն թույլատրել մասնակցել դստեր հոգեհանգստին, քանի որ «առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարտյալին կարճաժամկետ մեկնումն արգելվում է»: