Երեւան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները, մարտի 9-ից գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամը 18.00-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն ժամային ռեժիմով են գործելու նաեւ տվյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը:
Սահմանափակումների վերաբերյալ դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանների հետ միասին տեղադրվելու են ցուցանակներ (լրացուցիչ տեղեկատվության նշաններ):
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները եւ երթեւեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:




























