Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը օրերս մասնակցել է Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին:

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են. «Դեսպան Ղազարյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ցեղասպանություններ վերապրողները եւ նրանց սերունդները կրում են ոչ մեկ, այլ երեք պատասխանատվություն` պայքար հիշողության համար, պայքար ժխտողականության դեմ եւ պայքար ցեղասպանությունների կանխարգելման համար: Նա մեծապես կարեւորեց ցեղասպանության կանխարգելումը` այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը եւ կրթությունը, հատկապես` կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի իրականացումը: Դեսպան Ղազարյանը խոսեց ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով կատարած աշխատանքների, այդ թվում` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի հեղինակման մասին, որը 2013թ. միաձայն ընդունվել է  Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում:

Ռուանդայի ներկայացուցիչ Ֆրանսուա Կանկինդին իր ելույթում հայտարարեց, որ եթե Թուրքիայի կառավարությունը  ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն կդառնա «Առաքյալ կառավարություն»: Նրա խոսքերը գիտաժողովի մասնակիցների կողմից ընդունվեցին բուռն ծափահարություններով:

Մարտի 6-ին դեսպան Ղազարյանը Միլանում մասնակցեց «Ազգի Առաքյալների» եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառման ժամանակ տարբեր ազգերի 6 ներկայացուցիչների, որոնց թվում էր շվեյցարացի միսիոներ Բեատրիս Ռեհները, ով հայոց ցեղասպանության օրերին Հալեպում փրկել էր հարյուրավոր հայ որբերի կյանքը, շնորհվեց «Ազգի Առաքյալի» կոչում եւ նրանց պատվին Միլանի «Ազգի Առաքյալների այգում» տնկվեցին 6 ծառեր եւ տեղադրվեցին հուշատախտակներ»: