ԱՄՆ ռազմական հետախուզությունը 7-10 օր առաջ նախազգուշացվել է Ղրիմում Ռուսաստանի զորքերի գործողությունների մասին: Այս մասին ԱՄՆ ազգային պետական ռադիոյին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ ռազմական հետախուզության գործակալության ղեկավար Մայքլ Ֆլինը: Նրա խոսքով՝ ինքն ու իր գործընկերները նախազգուշացրել են Սպիտակ Տան վարչակազմին, որ ռուսական զորքերի ներխուժումն անխուսափելի է:
«Մենք ժամանակին զգուշացրել ենք ղեկավարությանը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ որոշումներ կայացնել, թե ինչ քաղաքականություն պետք է կիրառվի»,-հայտարարել է Ֆլինը:
Նրա խոսքով՝ հիմա հետախուզությունը ուշադիր հետեւում է Հարավային զինվորական օկրուգում զորքերի գործողություններին: «Նրանք շատ ակտիվ են: Մենք ուզում ենք պարզել հետեւյալը. Նրանք ճի՞շտ են ասում՝ պնդելով, որ դրանք զորավարժություններ են, ոչ ավելին»,-հայտարարել է Ֆլինը:
Հարցին՝ ի՞նչն է իրեն մտահոգում Սնոուդենի արտահոսքում, Ֆլինը պատասխանել է, որ առաջին հերթին ԱՄՆ պաշտպանողական ունակությունների մասին տեղեկությունները, որոնք նա կարող էր գողանալ եւ հանձնել մեր հակառակորդներին, «տվյալ դեպքում՝ Ռուսաստանին»:



























