Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձեւաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Թուրքմենստանում։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչներ:
Աշխաբադում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի եւ իր գործընկեր՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Բերդինիյազ Մյատիեւի հետ։
Կայացած հանդիպումներին քննարկվեցին բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ Երեւանի եւ Աշխաբադի կողմից ձեռնարկվող համատեղ քայլերի ընթացքը: Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց վերջին շրջանի հայ-թուրքմենական հարաբերություններում առկա զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդելու երկկողմ փոխգործակցությանը։
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ անցկացրեց նաեւ Թուրքմենստանի Մշակույթի նախարար Գունչա Մամեդովայի, ինչպես նաեւ Թուրքմենստանի Առեւտրաարդյունաբերական պալատի եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավարության հետ՝ կապված Թուրքմենստանում նախատեսվող բիզնես-ֆորումի եւ Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման հետ:




























