ԵՄ-ն պետք է պաշտպանի Ուկրաինային ուղղված օգնությունը՝ օլիգարխների գրպանից: Այս մասին, ինչպես հաղորդում է Novinki.cz պարբերականը, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ու հավելել. «Որպեսզի դա տեղի չունենա, Ուկրաինային օգնություն հատկացնելուց զատ պետք է դրվեն հստակ պայմաններ: Եթե օգնությունը պետք է հատկացվի ազատ ընտրություններից հետո, այն պետք է ուղեկցվի խիստ պայմաններով»:
Նրա խոսքով՝ եթե Ուկրաինան իսկապես կապվածություն է զգում Եվրոպայի հետ, նա պետք է որոշակի զիջումների գնա, որոնք առաջիկա 5-10 տարիների կտրվածքով վերաբերում են նաեւ ԵՄ երկրներին: Առաջին հերթին, դա էներգակիրների գների զգալի բարձրացումն է:
Զեմանի ներկայացմամբ՝ Ուկրաինայում ազատ ընտրությունները պետք է հնարավորինս արագ տեղի ունենա, ավելի լավ է ԵԱՀԿ վերահսկողությամբ, քանի որ կեղծիքների ռիսկը շատ մեծ է: Այդ համատեքստում Չեխիան կցանկանար Ուկրաինա ուղարկել իր դիտորդներին, հավելել է այդ երկրի նախագահը:




























