Ուկրաինան իր հողից մեկ սանտիմետր էլ չի զիջի եւ Ռուսաստանի հետ կոնֆլիկտը կլուծի բացառապես դիվանագիտական եւ քաղաքական ճանապարհներով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Տարաս Շեւչենկոյի անվան զբոսայգում հանրահավաքի ժամանակ:
Յացենյուկը նշել է, որ Ուկրաինայի առաջ հայտնվել են անկախության պատմության ողջ ընթացքում ամենամեծ մարտահրավերները: «Կարո՞ղ ենք արդյոք մենք հաղթահարել դրանք: Մեր համոզիչ պատասխնաը պետք է լինի՝ այո: Մենք կպայքարենք ու կհաղթենք: Ուկրաինայի դեմ, մեր ժողովրդի, մեր ընտանիքների ու հարազատների, մեր եվրոպական ապագայի դեմ հարեւան երկիրը պատերազմական ագրեսիա է սկսել:
Մեր պատասխանը ՌԴ-ին մեկն է. միասնություն, վստահություն, նպատակաուղղվածություն ու հավատ, որ մենք ճիշտ ուղով ենք ընթանում: Սա մեր հողն է: Նրա համար մեր հայրերն ու պապերը արյուն են թափել, մենք չենք զիջի ուկրաինական հողի եւ ոչ մի սանտիմետր: Թող այդ մասին իմանան Ռուսաստանը եւ նրա նախագահը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Նա նաեւ ասել է, որ իշխանությունը ջանք չի խնայի, որ ՌԴ հետ արդի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորվի:
«Մենք, որպես խաղաղ պետություն, ամեն ինչ արել եւ անում ենք հակամարտությունը բացառապես դիավանագիտական ու քաղաքական ճանապարհով կարգավորելու համար: Մենք գիտենք, որԲուդապեշտյան հուշագիրը ստորագրած երկրները, որոնք 1994թ.-ին տարածքային ամբողջականության երաշխիքներ տվեցին անկախ պետությանը, կանեն հնարավոր ամեն ինչ այդ հուշագրի իրականացման համար»,- հավելել է նա, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:




























