Կիեւում փետրվարի 19-ին Ինստիտուտսկայա փողոցում ստացած վնասվածքներից մահացել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի 83-ամյա սպա Իվան Նակոնեչնին: Գլխի եւ պարանոցի ծանր վնասվածքները կոմայի են հանգեցրել, Իվան Նակոնեչնին գիտակցության չգալով մահացել է:
Հաղորդում են, որ սպան 2013թ.-ի նոյեմբերի 30-ին ուսանողների ցույցի դաժան ցրումից հետո ամեն օր ներկա էր Մայդանում: Հարազատների խնդրանքին՝ խնայել իրեն, միշտ պատասխանում էր, որ «երդվել է պաշտպանել իր ժողովրդին»:
Իվան Նակոնեչնին 101-րդ մարտիկն է, որ միացել է «Երկնային հարյուրյակին», հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով ֆեյսբուքյան «Եվրամայդան-SOS» խմբին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Կիեւում 2013թ.-ի նոյեմբերի 30-ից ի վեր բախումների հետեւանքով 100 մարդ է զոհվել: Գերատեսչությունը չի հաղորդել, թե զոհերից որքանն էր ուժայինների կողմից, որքանը ակտիվիստների (վերջին պաշտոնական տվյալների համաձայն ուժայինների թիվը հասնում է 16-ի):



























