Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերված 38 հիվանդ կենդանիներից 36-ն արդեն ենթարկվել է սանիտարական սպանդի, մյուս 2-ի դեպքում մասնագետների կասկածները հիմնավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հետազոտության: Կենդնիները մեկուսացվել են, կատարվել է կրկնակի նմուշառում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությամ մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:
Հիշեցնենք` մարտի 3-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում կատարվող կենդանիների հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների ընթացքում ծառայության աշխատակիցները հայտնաբերել էին բրուցելյոզով հիվանդ 38 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:
Ծառայությունը գրությամբ դիմել է առողջապահության նախարարություն` գյուղի բնակչության շրջանում ևս հետազոտություններ անցկացնելու համար: Առողջապահության նախարարությունը բնակչության շրջանում վարակի առկայության մասին առայժմ որևէ հայտարարություն չի արել:
Հիշեցնենք, որ բրուցելյոզի հարուցիչը ջերմային մշակման, ասենք, միսը եփելու դեպքում ոչնչանում է: Պանրի, յուղի, աղացած կաշվի մեջ մանրէները պահպանվում են 67 օր, աղացած մսի մեջ՝ մինչև 3 ամիս, սառեցրած մսի մեջ և բրդի վրա՝ մինչև 5 ամիս: Իսկ հողում, ջրում, գոմաղբում, կոշտ կերերի մեջ հարուցիչը կարող է պահպանվել մինչև 4 ամիս, սակայն արևի ուղիղ ճառագայթների տակ այն ոչնչանում է 3-4 ժամվա ընթացքում:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում




























