Ռուսաստանից Ուկրաինայի տարածք սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել 3500 մարդու, ովքեր կարող էին մասնակից լինել ծայրահեղականների գործողություններին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ Պավել Շիշոլինը:

«Այսօր ավելի քան 3500 մարդու թույլ չեն տվել մուտք գործել, այդ թվում նաեւ 16 լրագրողի, ովքեր ցանկալի չէին Ուկրաինայի տարածքում»,- ասել է նա մարտի 9-ին Կիեւում կառավարության նիստի ժամանակ:

Շիշոլինի խոսքով՝ ամեն օր Ուկրաինա թույլ չեն տալիս մուտք գործել եւ իրավաբանորեն արգելում են նվազագույնը 500 մարդու: Նա հաղորդել է, որ ռուս-ուկրաինական սահմանի արեւելյան հատվածը պաշտպանում են 5500 զինծառայողներ: Բացի այդ Շիշոլինը հայտարարել է մտադրության մասին ուժեղացնել նաեւ Մոլդովայի հետ սահմանի վերահսկողությունը:

Սահմանապահ գերատեսչության մամուլի ծառայությունում հաղորդել են, որ մարտի 3-ից սկսած ավելի քան 3500 մարդու թույլ չեն տվել երկիր մուտք գործել:

Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնական անձինք հայտարարում էին այն մասին, որ Ուկրաինայի արեւելքում հանրահավքներին մասնակցում են հարեւան երկրի քաղաքացիներ: Ինչպես պնդում են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում, Ղրիմում է գտնվում մոտ 30 հազար ռուս զինծառայող, հաղորդում է «Կորեսպոնդենտը»: