Մարտի 10-ին Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին UTC ժամանակով 00.38-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` Մեքսիկայի Օահակա նահանգի Պինոտեպա-Նասիոնալ քաղաքից 32 կմ հարավ-արեւմուտք, եւ Հերերո նահանգի Օմետեպեկ քաղաքից 64 կմ հարավ:
Երկրաշարժի օջախն ընկած է եղել 35 կմ խորությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ավերածությունների կամ զոհերի մասին օպերատիվ տեղեկություն չի ստացվել: Երկրաշարժի պատճառով ցունամիի վտանգի մասին նույնպես չի հաղորդվել: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նշել է երկրաշարժի հետեւանքների դեղին աստիճանը, որը նշանակում է զոհերի եւ տնտեսական վնասի չնչին հավանականություն:




























