Վաշինգտոնն սպառնացել է պատժամիջոցներով` լիբիական նավթի ապօրինի վաճառքի համար, որը պատկանում է Լիբիայի ազգային նաթային ընկերությանը եւ իր գործընկերներին: 

«ԱՄՆ-ն անհանգստացած է այն լուրերով, որ Morning Glory տանկերը կանգնել են  Լիբիայի Էս Սիդր նավահանգստում` ապօրինի ստացված նավթով բեռնվելու համար:  Այդ գործողությունները հակասում են եւ թալան են Լիբիայի ժողովրդի  նկատմամբ», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին:

Ըստ նրա` «այդ նավթը պատկանում է Լիբիայի ազգային նավթային ընկերությանն ու իր գործընկերներին, այդ թվում` ամերիկյան ձեռնարկություններին»: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ «առանց այդ կառույցների թույլտվության ցանկացած գործողություն կարող է քաղաքացիական պատասխանատվության, տուգանքների եւ այլ հնարավոր պատժամիջոցների պատճառ դառնալ»:

ԿԺԴՀ-ի դրոշի ներքո լողացող Morning Glory տանկերը շաբաթ խարիսխ էր նետել Էս Սիդր նավահանգստում:  Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը հայտնել էր նավը ռմբակոծելու պատրաստակամության մասին, եթե անձնակազմը «չկատարի հրամանը` լքելով նավահանգիստը»: Լիբիայի իշխանությունները նավթի այդ բեռնումն անօրինական են համարում:

Զինված ապստամբներն էլ հայտարարել են, որ Morning Glory-ի վրա հարձակումը կգնահատեն` որպես «պատերազմի կոչ»: Ավելի վաղ երկրի արեւելքում նավթային օբյեկտները վերահսկող ապստամբները հայտնել էին, որ սկսել են ածխաջրածիններ արտահանել`   շրջանցելով երկրի կենտրոնական իշխանություններին:  Ենթադրվում է, որ  Morning Glory –ի վրա արդեն բեռնվել է 36 միլիոն դոլարի նավթ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: