ԿԺԴՀ-ի լրատվամիջոցներն առաջին անգամ հաստատել են Կիմ Չեն Ընի կրտսեր քրոջ` Կիմ Ե Չժոնի ղեկավար պաշտոն զբաղեցնելու լուրը:
Ավելի վաղ այն մասին, որ Կիմ Ե Չժոնն զբաղեցնում է ԿԺԴՀ-ի ղեկավար պաշտոններից մեկը, փորձագետները համոզվել էին լուսանկարներից եւ աղբյուրների տեղեկություններից: Այս տարվա հունվարին Հարավային Կորեայի «Չոսոն իլբո» թերթը հաղորդել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի քույրը քեռու` Չան Սոն Թհեկի մահապատժից հետո դարձել էր Բանվորական կուսակցության ֆինանսական բաժնի պետը:
Հաղորդվում է, որ 26-ամյա Կիմ Ե Չժոնի բարձր պաշտոնը նշվել էր Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռուստատեսության թողարկման մեջ: Լուրերի թողարկման ժամանակ նրա անունը թվարկվել էր «Բանվորական կուսակցության Կենտրոնական հանձնաժողովի պատասխանատու թիմի» շարքում` փոխմարշալ Չխվե Ռեն Հեից հետո, որը Կիմ Չեն Ընի գլխավոր օգնականն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Yonhapnews-ը:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին տեղի էին ունեցել ԿԺԴՀ-ի Գերագույն ազգային ժողովի 13-րդ գումարման ընտրությունները: Ըստ պաշտոնական տվյալների` ընտրողների մասնակցության հայտը կազմել է 99,98%: Այս տարվա ընտրությունների արդյունքները դեռ չեն հրապարակվել:




























