WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարծում է, որ մարդկությունը շարժվում է դեպի նոր տոտալիտար աշխարհ, եւ դա ավելի արագ է տեղի ունենքում, քան շատերին թվում է: Արդեն մոտ ապագայում հատուկ ծառայությունները կարող են վերահսկել մոլորակի յուրաքանչյուր մարդու, կարծում է Ասանժը:
Ամենից առաջ խոսքը ԱՄՆ-ի ԱԱԳ-ի եւ Մեծ Բրիտանիայի Կառավարական կապի կենտրոնի մասին է, որոնք 1,5 տարին մեկ կրկնապատկում են գաղտնալսման իրենց հնարավորությունները:
Ասանժը հավելել է, թե այժմ մենք «շարժվում ենք դեպի նոր տոտալիտար աշխարհ, սակայն ոչ Ստալինի կամ Փոլ Փոթի ոճով, այլ այն իմաստով, որ աշխարհն ընդգրկված է լինելու ընդհանուր վերահսկման համակարգում»:
WikiLeaks-ի հիմնադիրը նշել է այն անձանց միջեւ իշխանության վերաբաշխման մասին, ովքեր վերահսկում են դիտորդական կառույցները եւ տեղեկատվության հասանելիությունը: Ասանժն այս մասին հայտարարել է տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված South by Southwest կոնֆերանսին: Նա ելույթով հանդես է եկել Skype-ի միջոցով:
Նա նաեւ խոստացել է, որ իր WikiLeaks նախագիծը կհրապարակի գաղտնի նոր տվյալներ եւ հավելել, որ «կարեւոր» նյութերն արդեն «գալիս են»:
Հիշեցնենք, որ 2006թ. Ջուլիան Ասանժն սկսել էր հրապարակել գերգաղտնի նյութեր` լրտեսական սկանդալների, իշխանական վերնախավում կոռուպցիայի, ռազմական հանցագործությունների եւ գերտերությունների դիվանագիտական գաղտնիքների մասին:
2010թ. Շվեդիայում Ասանժին ձերբակալելու հրաման էր ստորագրվել: Նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ: Ասանժը գործը շինծու է անվանել: Նա արդեն մեկ տարուց ավելի է ապրում է Էկվադորի բրիտանական դեսպանատան տարածքում, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել:




























