Հայերն ու սերբերը վաղեմի, դարավոր ընկերներ են: Սերբիայի արտաքին քաղաքականությունը պետք է արտահայտի այս զգացմունքները, մարտի 10-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մկրկիչը: Նա նաեւ նշել է, որ առաջիկայում Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը կայցելի Հայաստան:
Հիշեցնենք, սերբ նախարարը Հայաստանում գտնվում է պաշտոնական այցով: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ՀՀ նախագահի, վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախարարը կայցելի նաեւ Ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր: Մարտի 11-ին Երեւանում կկայանա հայ-սերբական գործարար համաժողով:
Ըստ Էդվարդ Նալբանդյանի` մամուլի ասուլիսին նախորդած հանդիպման ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային եւ միջազգային օրակագի հարցեր: Նախարարը նշել է, որ տվյալ պահին երկրների միջեւ 6 համաձայնագիր կա, որոնցից 1-ն այսօր է ստորագրվել, այն վերաբերում է բացառապես կրկնակի հարկմանը: Ըստ Նալբանդյանի` պայմանագրային-իրավական բազայի կատարելագործման տեմպերը դանդաղ են, սակայն կան շատ նախագծեր` տարբեր բնագավառներում: Ըստ Էդվարդ Նալբանդյանի` հնարավոր համագործակցության բնագավառների շարքում են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, բանկային գործը:
Սերբիայի արտգործնախարարն էլ նշել է, որ Երեանում իրեն զգում է՝ ինչպես «բարեկամի տանը»: «Մեզ անհրաժեշտ է իրավական-պայմանագրային դաշտ` համգործակցությունը զարգացնելու համար: Հայերը եւ սերբերը վաղեմի ընկերներ են: Մենք ցանկանում ենք, որպեսզի Սերբիայի արտաքին քաղաքականությունն արտահայտի այդ զգացմունքները», - նշել է նախարարը:




























