ԱՄՆ-ն ենթադրում էր, որ փետրվարի 21-ին  Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության միջեւ ստորագրված Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագրի ձախողմանը կհաջորդի Ռուսաստանի արձագանքը: Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ հարցազրույցում նշել է, որ վերոհիշյալ համաձայնագրի ձախողումից հետո ԱՄՆ-ն կանխատեսում էր Ռուսաստանի արձագանքը:

 «Մենք առանց որեւէ կասկածի մտահոգություն ունեինք, որ փետրվարի 21-ի համաձայնագրի կոլապսին կհետեւի Ռուսաստանի արձագանքը», - ասել է  Մաքֆոլը եւ հավելել, որ չի կարծում, թե կատարվածը կարելի է «սառը պատերազմ» անվանել:

«Չեմ կարծում, թե խոսքը նոր «սառը պատերազմի» մասին է, քանի որ այն ժամանակ գաղափարական պայքար էր, իսկ ես Պուտինի եւ Արեւմուտքի միջեւ   գաղափարական պայքար չեմ տեսնում», - պատմել է նա:

Ըստ դիվանագետի՝ Ռուսական կառավարությունը չափազանց զայրացած էր Յանուկովիչի վրա, քանի որ նրան թույլ էին համարում: Բացի այդ, նրանք կարծում են, որ մենք դիտմամբ նրան վնասում էինք այն բանով, որը նրանք «հեղաշրջում» են կոչում:

«Պուտինի պատասխանը Ղրիմի շարժումը եղավ: Կարծում եմ՝ Ղրիմի հարցով որոշումը շատ զգացմունքային էր, այն պատասխանն էր Յանուկովիչի փախուստին: Կարծում եմ, եթե փետրվարի 21-ի համաձայնագրի կոլապսը չլիներ, Ղրիմ ներխուժումը չէր լինի», - ասել է նախկին դեսպանը:

Մաքֆոլը ռուսական իշխանություններին ռացիոնալ խաղացողներ չի համարում:

«Ես չեմ հավատում, որ կոնկրետ այս ներխուժումը ծառայում է Ռուսաստանի շահերին: Քանի որ, նախ, Ղրիմի բռնի միացման ճանապարհով Ռուսաստանը հրաժարվում է Եվրասիական տնտեսական միութուն ստեղծելու հնարավորությունից: Առավել եւս, որ փակել է դռներն Ուկրաինայի համար, իսկ Ռուսաստանի համար դա ավելի կարեւոր է, քան  Ղրիմի երկու միլիոն բնակչությանը Ռուսաստանի մաս դարձնելը: 

Երկրորդ,  այդ անեքսիան Ռուսաստանին տասնամյակներով  կմեկուսացնի ամբողջ աշխարհից: Նույնիսկ Չինաստանն այս հարցում չի սատարում Ռուսաստանին:

Երրորդ,  պատժամիջոցների հետեւանքով Ռոսաստանի տնտեսությունը միլիարդավոր դոլարներ կկորցնի», - ասել է Մաքֆոլը:

«Եթե նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը մեծ գերտերություն լինի,  դա պետք է կատարվի  ոչ թե տարածքների բռնի միացման, այլ տնտեսական բարգավաճման միջոցով»,- հավելել է դիվանագետը եւ նշել, որ այդ ճգնաժամը բացասական կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա: