Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը «նորմալ է նայում» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ոչ իշխանական ուժերի առաջնորդների հետ հանդիպումներին: Այս մասին այսօր` մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Սա քաղաքական որոշակի գործընթացների մասն է, մենք դրան նորմալ ենք նայում: Եթե դա տանելու է որոշակի տեսակետի, որտեղ կլինեն լուծումներ, սրանում վատ բան չենք տեսնում»,- ասաց նա:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ չորս կուսակցությունների («Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ) առաջնորդները սկսել են միասնական օրակարգ ստեղծելու հարց բարձրացնել:
«ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկին միասնական օրակարգի մասին խոսեց, դրանից առաջ էլ ԲՀԿ-ի համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսեց միասնական գործելու մասին: Իսկ այս ամենից ավելի վաղ` անցած տարվա փետրվարի 18-ին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրացրեց միասնական օրակարգի հարցը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ չորս ոչ իշխանական ուժերի միջեւ համագործակցությունը սկսել է դեռ կուտակայինի դեմ տարվող պայքարից:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ. «Խորհրդարանական ձեւաչափով հրավեր դեռ չի եղել, իսկ վարչության կողմից դեռ ոչինչ ասել չեմ կարող: Ամեն դեպքում մենք բաց ենք ցանկացած հանդիպման համար»:
«Հանրապետական» խմբակցության պատգամավորն էլ հույս հայտնեց, որ «ԲՀԿ առաջնորդն իրենց հանդիպելու հրավեր չի անի»:
Նշենք, որ օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում էր ունեցել ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ: Առաջիկա շաբաթ նախատեսվում է Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը:




























