Խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս ՀՀԿ-ի եւ նրա կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի, մարտի 10-ի քվեարկությամբ տապալել է 2008թ. մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման՝ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը:

Նախաձեռնությանը կողմ են քվեարկել 46 պատգամավորներ, դեմ՝ 66-ը, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր: 

Նշենք, խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերը հայտարարել էին նախաձեռնությանն աջակցելու մասին: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու: Նա նաեւ կողմ քվեարկելու կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր չեն վախենում այդ դեպքերի առթիվ իրենց հասցեին հնչող մեղադրանքներից:

ՀՀԿ  խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ բոլորից շատ հենց իրենք են  լրջությամբ վերաբերվում այդ հարցին: «Սակայն մեզ համար անընդունելի է շոու ստեղծելը, եւ մեր խմբակցոթյունը դեմ կքվեարկի, քանի որ հանձնաժողով ստեղծելը ժամանակավրեպ է»:

Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` որպես նախաձեռնության հեղինակ, նշել է, որ իր առջեւ շոու կազմակերպելու նպատակ չի դրել: «Վերջիվերջո, ժողովուրդը պետք է ճշմարտությունն իմանա, եւ մեղավորները պետք է պատժվեն»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ ընդդիմադիր խմբակցությունները իրենց առաջ շոու կազմակերպելու նպատակ չեն դրել:  «Ցավոք, խոսափողի առկայությունը ինձ թույլ չի տալիս ավելի խիստ խոսքեր ասել նրանց հասցեին, ովքեր այս նախաձեռնությունը շոու են անվանում»:

Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իշխանությունն ուժ կիրառեց, որի հետեւանքով զոհվեցին 8 ցուցարար եւ ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց մահվան համար մինչեւ հիմա ոչ ոք չի պատժվել: