Ադրբեջանում անհանգստացած են հայկական հետախուզության հնարավորություններից:

«Երեւանում լսել են պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովի՝ միջազգային կազմակերպությունների ղեկավարների, միացյալ եւ ճակատամերձ գոտում գտնվող զորամասերի հրամանատարների հետ կարեւոր խորհրդակցության մանրամասները», - Facebook-ի իր էջում, ըստ «Ենի Մուսավաթի», գրել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Ըստ ռազմական փորձագետի` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես կանոն, իմանում է ճակատամերձ հանդիպումների բովանդակությունը եւ դրանց մասին մանրամասն զեկուցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեր գեներալները զարմացել էին, երբ պարզվել էր, որ գաղտնի վայրերում  ասված իրենց բառերը հայտնի էին դարձել Հայաստանում, ընդ որում` բոլոր մանրամասներով: Ավելի ուշ պարզվել էր, որ թշնամին բոլոր հանդիպումները ձայնագրել էր բջջային հեռախոսի օգնությամբ եւ գաղտնազերծել»:

Ու. Ջաֆարովը նշել է, որ դրանից հետո  նախարարը հրամայել էր, որպեսզի պաշտպանության նախարարությունում ծառայության ժամանակ բջջային հեռախոսներ չօգտագործեն: «Այժմ ՊՆ-ում աշխատանքի բավականին «օպերատիվ» մեթոդ է գործում: Առավոտյան, երբ անձնակազմն աշխատանքի է գալիս, նրանցից պարտադիր վերցնում են բջջային հեռախոսները:  Սակայն կան մի քանի հոգի, որոնք իրավունք ունեն օգտագործել այդ հեռախոսները: Թե ովքեր են այդ մարդիկ, ՊՆ-ում շատ լավ գիտեն»: Ռազմական փորձագետը կարծում է, որ անիմաստ է կրտսեր սպաներին եւ նորակոչիկներին զրկել հեռախոսով խոսելու հնարավորությունից, սակայն դա թույլ տալ ավագ սպաներին: