Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Այդ մասին այսօր՝ մարտի 10-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մկրկիչի հետ համատեղ ասուլիսում:
Հարցին, թե ինչու Ուկրաինայի դեսպանությունում բացված սգո մատյանում Հայաստանը որեւէ գրառում չի կատարել, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Կարծում եմ, դրանք անտեղի եւ անիմաստ շահարկումներ են, որովհետեւ արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երեւանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ն` հաջորդ օրը, սգո մատյանը մատյանի բացման հաջորդ օրը»։
Ըստ ԱԳ նախարարի, նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը, եւ դեսպանն ըմբռնումով է մոտեցել՝ այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել:
«Ինչ վերավերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության նախագահն է խոսել դրա մասին: Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը եւ կուտակված հարցերի լուծմանը»,- ասել է Նալբանդյանը:




























