Ադրբեջանական գերությունից օրեր առաջ ազատված Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը լավ է, առկա է դրական դինամիկա:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:

Նրան այսօր Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխելու են Վնավսածքաբանության բաժանմունք, որտեղ կշարունակի բուժումը եւ հետագայում, եթե անհրաժեշտ լինի, կկատարեն բազկոսկրի վիրահատություն: «Գիտակցությունը պարզել է, վիճակը կկարգավորի, այդ ժամանակ կորոշենք՝ երբ վիրահատել: Հիշողությունը եւս աննշան վերականգնվել է»,-ասաց Գագիկ Մանուկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին:  Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։