Նոր Արեշի վարձակալած տանը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ծնողները չեն հավատում, որ իրենց որդին կարող էր ինքնասպանություն գործել. դեպքից անցել է 4 ամիս, սակայն նրանք շարունակում պնդել, որ իրենց որդուն սպանել են:

Հնդկաստանից NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Դենիշի եղբայրը՝ Մանոժ Բաբուն, վստահեցրեց, որ անհնար է եղբայրն ինքնասպանություն գործած լիներ: «Ուրախ, կյանքով լի տղա էր: Հայաստան էլ եկել էր բիզնեսի համար: Հայկական ընկերություններից մեկն աշխատանք էր առաջարկել, դրա համար էր տեղափոխվել Հայաստան: Ինքնասպանության վարկածն ուղղակի աբսուրդ է, ինքնասպանություն գործելու պատճառ էլ չկա: Եկել էր ուղղակի աշխատելու»,- ասաց նա:

Մանոժի պատմելով՝ եղբայրը Հայաստանում ճանաչում էր միայն Աստղիկ Աղաջանյանին, որի հետ Բաբուների ընտանիքն արդեն մի քանի ամիս փորձում է կապ հաստատել:

«Աստղիկին անընդհատ զանգում ենք, բայց չի պատասխանում մեր զանգերին: Գոնե վերցնի ու պատմի, թե իրականում ինչ է եղել: Մենք այնտեղ միայն Աստղիկին ու նրա մորն ենք ճանաչում»,- նշեց մահացած հնդիկի եղբայրը:

Աստղիկն ու մայրն ամիսներ առաջ հյուրընկալվել են Բաբուներին:

«Աստղիկի ընտանիքի հետ ընդհանուր բիզնես ունեինք: Բազմիցս են եկել Հնդկաստան, ամեն ինչով օգնել ենք նրանց»,- ավելացրեց Մանոժը: Դենիշի հարազատները դիմել են նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն՝ պարզելու, թե նախաքննությունը որ փուլում է: 

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Նոր Արեշի 17-րդ եւ 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում: Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պարանոցի եւ կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Ա. Ա.-ն:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին, նույն բուժկենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 1985թ. ծնված տղամարդու դիակ: Պարզվել էր, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ էր արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն էր գործել: