Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդ ակտիվիստ Թյուրքել Ալիսոյը, որը 20 օրով կալանավորվել էր, խոշտանգումների է ենթարկվել ոստիկանության բաժանմունքի մեկուսարանում: Այս մասին հայտնում է «Թուրանը»` վկայակոչելով Ալիսոյի նամակը, որը վերջինս ուղարկել էր ԱԺՃԿ-ի երիտասարադական կոմիտե: Ուղերձը տեղադրված է ԱԺՃԿ-ի երիտասարդական կոմիտեի Facebook-ի էջում:
Ըստ ակտիվիստի` մարտի 5-ին իր բջջային հեռախոսին էր զանգահարել մի անհայտ աղջիկ եւ ներկայացել որպես Բահրուզ Հասանլիի ընկերուհի, որին ավելի վաղ կալանավորել էին 20 օրով: Աղջիկն Ալիսոյին խնդրել էր Հասանլիին սնունդ փոխանցել մեկուսարանում: Երբ Ալիսոյն աղջկան սպասում էր առեւտրի կենտրոնի մոտ, նրան կալանավորել էին չորս ոստիկան եւ տարել ոստիկանության բաժանմունք:
Այնտեղ նրան ծեծել էին եւ պահաջել «աշխատել ոստիկանության համար»: Հետո նրան տարել էին ոստիկանության 35-րդ բաժանմունք: «Մեկուսարանում ոստիկանապետ Ջավիդ Ուսուբովը հրամայեց ինձ ձեռնաշղթաներով աթոռին գամել: Պետն ասաց, որ ինձ այդպես պահեն 14 ժամ եւ սնունդ, ջուր, ծխախոտ չտան: Առավոտյան ասացին, որ ես խոստովանեմ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալը», - գրում է Ալիսոյը: Երբ նա հրաժարվել է ստորագրել արձանագրությունը, նրան ընտրության առաջ են կանգնեցրել` կամ կմեղադրեն ապօրինի թմրանյութեր պահելու մեջ, կամ էլ պետք է համաձայնի ոստիկանությանը դիմադրելու տարբերակին եւ ազատվի վարչական տույժով: Երիտասարդը ստիպված էր եղել ստորագրել:




























