Հայաստանի բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Արագ արձագանքման խմբի եւ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների իրականացրած միջոցառումների եւ տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում վերջին երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել են 1.3 մլն ՀՀ դրամի  վարչական տուգանքի 17 որոշում եւ հաշվարկվել է  600  հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մասնավորապես՝ Արագ արձագանքման խումբը օպերատիվ միջոցառումների ժամանակ հայտնաբերել է փայտանյութի ապօրինի տեղափոխման յոթ դեպք, ինչի արդյունքում կազմվել է 600 հազար ՀՀ դրամի վարչական տուգանքի արձանագրություններ եւ հաշվարկվել 487 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Օրենսդրության բուսական աշխարհի պահպանության պահանջները խախտելու համար Տավուշի մարզում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում:

Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 18 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50  հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման  եւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների  համատեղ իրականացրած ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների ընթացքում առգրավվել է յոթ տիրազուրկ ձկնորսական ցանց եւ 10 կգ. «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման փաստերով Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված չորս գործով  կայացվել է 400 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային եւ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացրել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի  որոշում:        

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե երկշաբաթյա ժամանակահատվածում մուտք է եղել 928 հազար դրամ գումար: