Այն պնդումը, թե իբր «Ուկրաինան կառավարում են ֆաշիստները», անհեթեթություն է: Այս մասին  «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հետ զրույցում հայտնել է Մոսկվայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը:

Ըստ նրա` այս ճգնաժամին  մարդկանց արձագանքներում կարելի է նկատել «շատ զգացմունքներ, հայրենասիրություն, ազգայնականություն, եւ կեղծ տեղեկատվության լայն տարածում: Դա խորապես անհանգստացնում է ինձ, քանի որ մարդիկ, երբ տեսնում են այդ ամենը լուրերում կամ այլուր, դա մնում է»:

«Օրինակ` այն պնդումը, թե իբր «Ուկրաինան կառավարում են ֆաշիստները»: Պարզապես  անհեթեթություն է, որ պարոն Տուրչինովն ու Յացենյուկը հանկարծ դարձան «ֆաշիստներ»: Դժվար է խաղաղ դիվանագիտական որոշում կայացնել, երբ այսպիսի ապատեղեկատվություն է գերիշխում:  Սակայն ես նաեւ զգում եմ, որ ռուս որոշ քաղաքացիներ, որոնք ցավում են Ռուսաստանի եւ ամբողջ աշխարհի հավանական  երկպառակման համար, փորձում են մասնակցել երկխոսությանը:  Կարծում եմ` նրանց ցնցում է այն, որ  այս ամենն այդքան արագ կատարվեց: Ես փորձում եմ շարունակել շփվել այդ մարդկանց հետ», - ասել է Մակֆոլը:

Նախկին դեսպանն, այնուամենայնիվ, հավատում է Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական լուծմանը:

«Ես հավատում եմ, որ լուծումը հնարավոր է: Պատասխանատու դիվանագետները պետք է հետեւեն այդ ուղղությանը մինչեւ վերջ:  Ես հիանում են նախագահ Օբամայի կատարած աշխատանքով, Պուտինի հետ նրա անմիջական երկխոսությամբ, պետքարտուղար Քերիով, քանի որ  անպատասխանատու կլիներ աժմ մերժել երկխոսությունը: Նույնիսկ եթե դիվանագիտական լուծման իրական հնարավորությունը 5 տոկոս է, պետք է ջանալ», - ասել է Մաքֆոլը եւ հավելել, որ իրեն անհանգստացնում է կոնֆլիկտի սրացման հնարավորությունը:

«Քանի որ «այդպիսի լարված պահերին, երբ առկա է զենքը, կարող են անկանխատեսելի իրադարձություններ տեղի ունենալ: Իսկ լարվածությունը կարող է սրվել շատ արագ: Դա ինձ շատ է անհանգստացնում: Հենց այդ պատճառով էլ դիվանագետները պետք է այս պահը հենց հիմա օգտագործեն` իրավիճակի լարվածությունը թոթափելու համար», - ընդգծել է Մաքֆոլը: