Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի բնակիչ, նախկինում դատված Դավիթ Ա.-ն մեղադրվում է աներոջ՝ Գնել Հ.-ի տունը դիտավորությամբ հրկիզելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 21-ին, ժամը 17:00-ի սահմաններում: Դավիթ Ա.-ն գնացել է իր կնոջ հոր՝ Գնել Հ.-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գտնվող առանձնատուն, որը ցանկացել է հրկիզել: Նախապես իր հետ բերված հեղուկ վառելանյութը Դավիթը լցրել է տան հյուրասենյակի հատակի տարբեր հատվածներում, կրակայրիչով այրել այն, որի հետեւանքով կրակ է բռնկվել: Հրդեհի հետեւանքով վնասվել է Գնել Հ.-ին պատկանող տունը եւ ոչնչացվել տան գույքի մի մասը: Գնել Հ.-ին պատճառվել է ավելի քան 3 մլն դրամ գույքային վնաս:
Դավիթ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով: Նա կալանավորված է:
Գործը քննվում է Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 18-ին:



























