Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանի կալանքը բեկանելու կամ այն քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ փոխելու վերաբերյալ փաստաբանը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի փաստաբանը՝ Գայանե Գալոյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանից ստացել է որոշումը, որում պատճառաբանել են, որ Իսրայել Սարգսյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը, քանի որ հիմնավոր կասկածներ կան, որ նա կխոչընդոտի նախաքննությանը: Այժմ Վճռաբեկ դատարանը մեկ ամսվա ընթացքում կպատասխանի փաստաբանին եւ պարզ կլինի՝ վարույթ ընդունվում է դիմումը, թե ոչ:

Գայանե Գալոյանն ասաց, որ իր պաշտպանյալի հետ որեւէ քննչական գործողություն չի արվել, հույս ունեն, որ այս շաբաթ ձայնային փորձաքննություն կարվի: Ինչ վերաբերում է մյուս փորձաքննությունների պատասխաններին, փաստաբանն ասաց, որ դրանք չի կարող բացահայտել, քանի որ նախաքննական գաղտնիք է, բայց հավելեց, որ առանձնապես որեւէ բան չի էլ պարզվել: «Իսոն նորմալ է, ասում է՝ ես չեմ, հազար հատ իրենց նմանը լինի, չի կարա ինձ վրա ապացուցի»,- փոխանցեց փաստաբանը:

Նա նաեւ պատրաստվում է քննիչին միջնորդություն ներկայացնել եւ պահանջել հրապարակված տեսաերիզի իրավական հիմքերը, ապացույցները՝ արդյոք փորձաքննության պարզվել է՝ տեսանյութում ներկայցվածը Իսրայել Սագսյանն է, թե ոչ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում: