Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ մարտի 10-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գարնանացանի եւ բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ըստ գյուղատնտեսության հարցերի նախարար Անդրանիկ Խաչատրյանի եւ «Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանի հաղորդումների՝ գարնանացան մշակաբույսերի՝ հայտերով պահանջված սերմերի տրամադրումը սկսված է, եւ ժամկետների ուշացումներ չեն լինելու: Նրանց խոսքով` առկա են նաեւ բավարար քանակի պարարտանյութեր եւ թունաքիմիկատներ, որոնք արտոնյալ պայմաններով տրվում են հայտ ներկայացնողներին: Վարչապետը հանձնարարեց սերմերի եւ պարարտանյութերի տրամադրմանը զուգահեռ բացատրական աշխատանքներ տանել դրանց օգտագործման կանոնների վերաբերյալ:

Խորհրդակցությանը ներկա մեքենատրակտորային կայանների տնօրենները զեկուցեցին գարնանացանի համար անհրաժեշտ տրակտորների եւ սարքավորումների քանակի ու տեխնիկական վիճակի մասին: Ըստ զեկույցների՝ գարնանացան աշխատանքներ կատարելու համար մեքենատրակտորային պարկն ընդհանուր առմամբ պատրաստ է, սակայն դեռեւս որոշ խնդիրներ կան կոմբայնների քանակի եւ պատրաստվածության հետ կապված: Ա. Հարությունյանը հանձնարարեց ժամանակին սկսել բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները, որպեսզի հունձքի ընթացքում տեխնիկական լուրջ խափանումներ չլինեն: Կառավարության ղեկավարը հանձնարարեց նաեւ համամասնորեն եւ ըստ կարիքի բաշխել մոտ  օրերս ներկրվելիք 40 բելառուսական տրակտորները: